Կապան Տեղեկատու
ՄՈՒՏՔ
Փնտրում
Օրացույց
«  Մարտ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների արխիվ
Կայքի ընկերներ

Վիճակագրություն
Яндекс.Метрика


Ընդամենը առցանց 1
Հյուրեր 1
Օգտվողներ… 0

ՏԱՐԱԴՐԱՄ
Տարադրամի փոխարժեք
ԵՂԱՆԱԿԸ ԿԱՊԱՆՈՒՄ
Երկուշաբթի, 29.04.2024, 00:16
ԳԼԽԱՎՈՐ » 2011 » Մարտ » 10 » Մտերիմ զրույց "Կապանատան պատմության բազմապատկող"-ների հետ
16:07
Մտերիմ զրույց "Կապանատան պատմության բազմապատկող"-ների հետ
Ռոբերտ ԷջանանցիՌՈԲԵՐՏ ԷՋԱՆԱՆՑԻ
Ողջունելի է, որ հրապարակ եք հանել "Օրացույց-2011-Կապան" պատկերազարդ, պարուրազսպանակված, 14 թերթանոց տեղեկագիրը, որտեղ զետեղել եք պատմական տեղեկությունների ծաղկաքաղ, բանաստեղծական խոսքեր, հայեցողական բնորոշումներ եւ այլն: Մտահոգիչ է, որ չկան հղումներ առ անվանական հեղինակները, խմբագիրը, սրբագրիչն ու տպագրատունը: Շտապեմ ասել, որ ուսուցչական պարտքս է` ժողովներում "գրանցել" բանախոսների սխալասությունները, իսկ կարդալիս` հեղինակների սխալագրությունները: Տագնապում եմ, որ նշածս երկու դեպքում էլ հատկապես աշակերտները կարող են դեմ առնել հարակարծությունների: Խնդրեմ` չվհատվեք ու չմենակեք այս "գրոհից", որովհետեւ վերջին տարիներին լույս են տեսել մեր գյուղերին նվիրված գրքույկներ, որոնք լի են պատմագրական, մտքի եւ ուղղագրական սխալներով ու տարաբնույթ անհեթեթություններով, եւ այդ արատավոր ճանապարհը փակելու համառ միտում տակավին չկա:
Ձեր աշխատանքից երեւում է, որ ավելին անելու ներուժ ունեք: Բայց որ շտապել ու թերացել եք, ակներեւ է: Առաջին հայացքից աչքի է զարնում լուսանկարների բաշխման-զետեղման ժամանակավրիպությունը: Դրանք կարելի էր զետեղել ըստ պատմական ժամանակի սանդուղքի կամ տվյալ էջ-ամսվանն առնչակցվելու հայտանիշով: Զորօրինակ. Դավիթ Բեկը Հալիձորի բերդի կառուցումն ավարտել է 1723թ. հոկտեմբերին, մինչդեռ լուսանկարը զետեղել եք փետրվար ամսվա էջում:
Օրացույցից օգտվողի համար անհասկանալի է մնում Կապան անվան բազմադեմ գործածությունը. այն տարածաշրջա՞ն է, գավա՞ռ, երկրամա՞ս, թե՞ քաղաք:
Հարկ է` տարբերակել Հին Կապանը, որը մայրաքաղաք էր 200 տարի (1103թ. ավերվել է), Կապանա տունը, Ղափանի շրջանը, Մեծ Ղափանը, Փոքր Ղափանը եւ այլն: Կ-Ղ հնչյունափոխությունը օտարամուտ չէ, մեր բարբառի համաչափություններից է: Օրինակ առնենք սեպտեմբերյան էջի "Կապանը ռազմաճակատ է ուղարկել 7 հազար մարդ"-ը եւ համադրենք հաջորդ էջի "Կապանը ստացավ հանրապետական քաղաքի կարգավիճակ"-ի հետ: Ինչպե՞ս հասկանանք, որ մի դեպքում խոսքը վերաբերում է Ղափանի շրջանին, մյուս դեպքում` Ղափան քաղաքին: Հանրապետական քաղաքը ո՞րն է…
Փետրվարյան էջում զետեղել եք ինքնահնար "Կապանի ծննդյան վկայագիր"-ը եւ անհոգ հղում տվել Ստ.Օրբելյանին` "Ք.ա. 5-րդ դարի վ. քառորդ": Բնագրից մեջբերումն անփութորեն է կատարված (հմմտ.). "Եվ Կապանից այստեղ եկավ հայր Հովհաննեսը` վանականներից վերցնելով գնաց գետի ափը, տիրոջից…": Հաստատված է, որ պատմիչը նկատի է ունեցել Հովհաննես Եկեղեցապանին, ով վանականների հետ Արաքսի ափ գնաց ու Տիրոջից խնդիրք արեց: Արդ, Քրիստոսից հինգ դար առաջ իմաստ կունենայի՞ն վանական, տեր, հայր Հովհաննես արտահայտությունները: Եթե անգամ առբերված միջադեպը դնենք մ.թ. 5-րդ դարում (ի դեպ, ճիշտը դա է), դարձյալ խոսք չի կարող լինել "ծննդյան վկայագրի" մասին: Ի՞նչ է, հայր Հովհաննեսը Կապանի հիմնադրման օ՞րն է ճամփորդել…
Նաեւ. ապրիլյան էջում գրել եք, թե ըստ Օրբելյանի "այս տարածաշրջանում քաղաքակրթություն է գոյություն ունեցել դեռեւս ք.ա. 5-րդ դարում": Մի՞թե այդպես անուշադիր պիտի կարդանք մեր փառահեղ պատմիչ, ստուգապատում Հայր Ստեփանոսին: Ահավասիկ, այլ բան մատնանշեմ նրա "Հիշատակաց մատյանում". "Սիսակի սերունդներից մի մարդ` Բաղակ անունով, այս գավառն ստանալով ժառանգության բաժին, Բաղակի ապառաժը շինում է ամրոց, որը կոչվում է Բաղակի քար, բերդն ամրացնում է եւ անվանում Բաղաբերդ. եւ գավառն էլ իր անունով կոչվեց Բաղաց գավառ" (գլ. Գ.): Սա այնպիսի զորավոր փաստարկում է, որ բացառիկ է համարվում մեր պատմության հոլովույթում` բնակավայրերի պատմության վերաբերմամբ: Ալիշանը Սիսակ նահապետին դրել է Ն.Քս. 2100: Ի դեպ, մարտյան էջում էլ գրել եք. "Բաղաբերդը… Կապանի միջնաբերդն էր": Իսկ Սիսակյան Բաղակի գործունեության ժամանակաշրջանը հաշվարկել է Հր.Աճառյանը (տե՛ս): Արդ, ի՞նչ արժեք ունեն Ձեր հորինած` Կապանի ծննդյան վկայագիրը եւ քաղաքակրթության գոյությունը Ք.ա. 5-րդ դարում: Տխուր է, որ պատմիչի այդ անզուգական տեղեկությունները "Կապան-70" վիճարկելի տոնական ծրագրի շրջանակներում հպարտությամբ ու ցնծալուր չեն բարձրաձայնվել:
Պետք է իմանալ, որ կապանցիները հնագույն Բաղքի ժառանգորդներն են` բաղացիներ: Այստեղ քարոզել է սբ Բարդուղիմեոս առաքյալը: Նաեւ. գիտունների կողմից ստուգաբանված է, որ Բաղք եւ Կապան անունները համարժեք են. բաղ-ը հնդեվրոպական ծագում ունի, նշանակում է կապ, գագաթ, բարձր: Կապ-ը հնդիրանական ծագում ունի նույն նշանակությամբ:
Ու նաեւ. Հին Կապանն ու նորօրյա Կապան քաղաքը տարածքներով տարբեր են: Վերջինիս տեղում եղել է, օրինակ, Հողար գյուղը: Իսկ Հին Կապանում ցայժմ պահպանվել են Բաղաբերդի ավերակները, Կկոց քարը, Ջհտաթաղը, Խնձորոգլուխը: Ստ.Օրբելյանի գործունեության ժամանակներում Կապան է կոչվել Բաղաբերդը ներառող Ձորք գավառը: Այս փաստարկումն ունի Հայր Ստեփանոսը, որի գրաբար բնագիրը մեջ եք բերել մարտյան էջում… չորս ուղղագրական սխալով…
Սխալ է Ձեր այն պնդումը, թե "Կապանի տարածքը… կազմում էր Սյունիքի նահանգի Բաղք, Ձորք, Կովկասական գավառների մաս": Այստեղ Կովկասական-ն անհեթեթություն է: Նկատի ունեք Կովսակա՞նը…
Հույժ խախուտ է Վահանավանքին վերաբերող տեղեկագրությունը: Եթե համարում եք, որ այն "Սյունիքի միջնադարյան հոգեւոր կենտրոնն էր", ապա մեղանչում եք Տաթեւի դերի ու հեղինակության առջեւ: Վահան Նախաշինողի հայր Ձագիկ իշխանին ներկայացրել եք Սյունիքի գահակալ իշխան: Չէ՞ որ նա Աշոտ Երկաթին ժամանակակից Ձագիկ 3-րդն էր` Բաղքի գահերեց իշխան:
Պատմագիտության նորագույն եզրահանգումներին չեն համապատասխանում օրացույցում բերված` Բեխի մելիքության, Դավիթ Բեկի ազատագրական պայքարի, ռուսատիրության հաստատման ժամանակացույցերը:
Աբրահամ վրդ. Մկրտչյանը հիմնավորել է, որ Սյունիքում մետրոպոլիտությունը հաստատվել է 10-րդ դարում: Անտես առնելով դա` ապրիլյան էջում գրել եք. "Երիցվանքը… հիմնադրել է Սյունյաց միտրոպոլիտ Երիցակը 5-րդ դարում": Ի դեպ, նախընտրելի է Երիցավանք ձեւը եւ ոչ` Երիցվանքը:
Տարակուսելի է, թե ինչու Թումանյանի, Ալիշանի, Րաֆֆու, Նժդեհի ասույթները չակերտների մեջ են առնված, իսկ Վ.Հյուգոյինը` ոչ: Չեմ հեգնում` տեղին չէր լինի՞, որ Հյուգոյի "տեղեկանք"-ը փոխարինվեր մի այլ ֆրանսիացու` "ղափանցի" Շառ դը Գոլի կամ նորօրյա ֆրանսիացիների կապանյան առնչության մի աշխույժ տեղեկագրությամբ:
Անհանդուրժելի են սխալագրությունները` կուսանոց անապատ, անդոկած ոգի, հանրապետություն եւ այլն: Գրեթե բոլոր էջերում խախտված են մեծատառ-փոքրատառի կիրարկման, կետադրական նշանների գործածման, ենթակա-ստորոգյալ համաձայնեցման քերականական պահանջները:
Ընտրված են մեծ մասամբ թույլ ու անարժեք, անհեղինակ բանաստեղծական խոսքեր: Արժե՞ բանաստեղծների քաղաքին բառակույտեր հրամցնել` դրանք զուգահեռելով պոետ Գագիկ Դավթյանի առինքնող ութ տողին…
Գլուխ չհանեցի դեկտեմբերյան էջից: Գրել եք` "կապանցին հեզ ու կամեցող" է, բայց նաեւ` "քաղաքի վրա են խոյանում… հանդուգն, չընկճվող հոգին, քարից հաց քամելու մեծագույն պղնձագործ արվեստը": Օրացույցից օգտվողին, թերեւս, հաճելի կլիներ, որ նման վերացական բնորոշումների փոխարեն լինեին այս կարգի տեղեկատվություններ` "Հուդուդ ալ Ալամ աշխարհագիրը 10-րդ դարում Կապանը ծաղկող քաղաք է համարել", "Այս տարի կկազմակերպվի "Վահանավանք-1100" տոնախմբությունը", "Ղափանում առաջին հիդրոէլեկտրակայանը գործարկվել է 1903թ.", "Հանքաքար տեղափոխող էլեկտրաքարշը քաղաքի միջով…" եւ այլն:
Լավ չէ, որ մի շարք լուսանկարներ ծանուցագրված չեն, իսկ կազմի կապանյան երկու լուսանկարները հարիր չեն 2011 թվականին: Սխալ է վերնագրված դեկտեմբերյան էջի լուսանկարը: Այդ էջում էլ հեղինակներիդ "մեսիջն" է` "Մենք շարունակողն ու բազմապատկողն ենք յոթնաբերդ Կապանատան պատմության", որն ի հաճույս սպրդեցի զրույցիս ենթավերնագրում: Նույն էջի ցուցումով նայեցի www.kapan.am կայքէջը, որին վերաբերող ասելիքն արդեն մի այլ զրույց է:
Դիտումներ: 1704 | Ավելացրել է: Admin | Տեգեր: Կապան, Ejanantsi, Էջանանցի, kapan, Капан, Эджананци | Վարկանիշ: 5.0/2
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգրվողները
[ Գրանցում | Մուտք ]

Copyright GHG Studio © 2024